Ադրբեջանական նարատիվների և քարոզչամանիպուլյատիվ մեսիջների ուղիղ ռետրանսլացիան հայաստանյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչների, այսինքն, քաղհասարակության գաղափարական հատվածի ամենաթույլ օղակի կողմից իրականում նոր ֆենոմեն է ներհայկական միջավարյում։ Կոգնիտիվ օպերացիաների «տրոյական ձի»։
Ի վերջո, հայերի Բաքու գնալը չի խնդիրը, և հայ-ադրբեջանական հանդիպումները չեն։ Հայերն էլի են գնացել Բաքու, և բազմաթիվ հանդիպումներ եղել են մինչև 2020 թվականը։ Խնդիրն այն է, որ, ի տարբերություն նախկին այցելություններին Բաքու ու հանդիպումներին, սույն այցը առանձնանում է իր կոգնիտիվ ներթափանցման օպերացիայով․ հայաստանյան մասնակիցները հանրային դաշտում Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ փոխանցում են մեսիջներ, նորմալիզացնում են ադրբեջանական մարտական նարատիվները, հումանիզացնում կամ պոզիտիվ «խաղաղության» խոսույթով շղարշում ադրբեջանական հայատյաց ռեժիմի նոր ագրեսիվ նկրտումները և նրանց իրականացրած հանցագործությունները։
Իլհամի և Հիքմեթի հաշվարկը հետաքրքիր է հայաստանյան քաղհասարակության այս խմբի կոգնիտիվային պատերազմում գործիքայնացման առումով։ Նախ՝ կարծես թե ճիշտ ընտրված է կազմը։ Հետո Իլհամն ու Հիքմեթը տեսել են, թե ինչպես է հայաստանյան քաղհասարակությունը տարիներ շարունակ գեներացրել ներհայաստանյան օրակարգեր ու խոսույթներ, որն, ի վերջո, հանրության մեջ հասունացրել է քաղաքական էլիտայի փոփոխության կարիք ու բերել է 2018-ի իշխանափոխության։ Ինչպես է հայաստանյան քաղհասարակությունը ձևավորում ճիշտ լոզունգներ, ինչպիսի հետևողական ու գրագետ մտավոր աշխատանք է տարվում հասարակության հետ և, ի վերջո, ինչպիսի մեծ ազդեցություն է ունակ պրոյեկտել քաղհասարակությունը ներհայկական ու համահայկական միջավայրերում։
Սկզբից, ես հիշում եմ, Ադրբեջանում ակնհայտորեն առկա էր մտավախություն, որ քաղհասարակության օրակարգ գեներացնելու ու ներքաղաքական փոփոխություններ իրականացնելու գաղափարն ու փորձը կարող է վարակիչ լինել հենց Ադրբեջանի մեջ նման գործընթացների իրականացմանը։ Սակայն, ինչպես իլհամհիքմեթյան տրամաբանությունն է ցույց տալիս, նրանք առաջնորդվել են «тот кто нам мешает, тот и нам поможет» սկզբունքով։ Եվ սա շատ ճիշտ հաշվարկ է ադրբեջանցիների կողմից․ խաղադրույքը կատարել ոչ միայն ՆՓ-ական կառավորող էլիտայի, այլև հայաստանյան քաղհասարակության «թույլ օղակի» վրա։ Եթե հայաստանյան քաղհասարակությունը ունակ է այս աստիճանի ներազդել ներհայաստանյան ու համահայկական հանրության ներքին դիսկուրսների ու քաղաքական գիտակցության վրա, ապա այն դարձնելով գործիք՝ ալիևահիքմեթական պրոյեկտավորողները կարող են ներդնել ցանկացած նարատիվներ ու կառավարել Հայաստանի հանրային գործընթացները ոչ միայն սուբ-սիստեմիկ մակարդակի վրա՝ դրսից, այլ նաև ինդիվիդուալ-միավորային մակարդակի վրա՝ ներսից։
Կարճ ասած, Հայաստանի Հանրապետության ու հայության Ադրբեջանի ու ադրբեջանցիների հանդեպ կարևոր համեմատական առավելությունը դարծել է ադրբեջանական ավտոկրատիկ, ոչ ազատ ռեժիմի հիբրիդային կառավարման մեխանիզմ։ Հայկական դեմոկրատական միջավայրը «տրոյական ձիու» միջոցով դարձնել իրենց համար մանիպույատիվ, հոգեբանական դիվերսիաների և դրանով իսկ հայերի կոլեկտիվ ուղղորդման, ընկալումները խեղելու ու ինքնութենական կոնստրուկտները խմբագրելու օպերացիոն տարածք։
Սա մոտավորապես այն է, ինչ անում են ոչ ազատ էքսպանսիոնիստ ռեժիմները ԵՄ ու Արևմուտքի հանդեպ, օգտվելով իրենց բաց հասարակության ու մտքային պլուրալիզմի առավելությունից՝ իրականացնելով մանիպուլյատիվ, ինֆո-հոգեբանական օպերացիաներ ու կոգնիտիվ ինֆո-ներթափանցումներ։
Ինձ էնպես հետաքրիր է, թե ամբողջ օրը հիբրիդային պատերազմներից խոսող ՀԿ-ներն ու քաղաքագետ ներկայացող խոսող գլուխներն այս հարցի շուրջ ի՞նչ են մտածում։
Է՜հ, Լիդել Հարթ, ականջդ կանչի։
Էդուարդ Աբրահամյան